Ընթացիկ տարվա եղանակային կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարի 1.5 անգամ ավելի ջրառատ կարող է լինել, քան նախորդն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով' այս տարվա կլիմայական պայմանները մի քանի անգամ ավելի բարենպաստ են, քան անցած տարվանը' թե տեղումների, թե ձնածածկույթի տեսանկյունից: Անցյալ տարի գրանցվել է խիստ սակավաձյուն ձմեռ ու չոր գարուն, որով պայմանավորված էլ առաջացել է ջրի խնդիր ու ջրամբարների 30-40 տոկոս լցվածություն:
«Հանրապետությունում մարտի 27-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է 2000 մետրից ավելի բարձրություններում, ընդ որում' կուտակված ձյան շերտի բարձրությունը նորմայի նկատմամբ կազմում է 60-90 տոկոս, առանձին բարձր լեռնային շրջաններում այն նորմայից բարձր է 1.2-1.4 անգամ: Իսկ գետերի մեծ մասում գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքի մեծությունները սպասվում են նորմայի 60-90 սահմաններում»,-ասաց Լևոն Ազիզյանը: Նրա տեղեկացմամբ' ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում հնարավոր է, որ մի շարք գետերի ավազաններում վարարումներ կդիտվեն:
Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա գետերի միջոցով ջրի մուտքը այնտեղ կանխատեսվում է նորմայի 70-90 տոկոսի սահմաններում: «Հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, գոլոշիացման նորմատիվային մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակը 120 միլիոն խորանարդ մետր, իսկ ոռոգման նպատակով բաց թողնվող քանակը 170 միլիոն խորանարդ մետր, ապրիլ-հունիսին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 35-40 սանտիմետրով, դեկտեմբերի 31-ի դրությամբ' 3-8 սանտիմետրով»,-ներկայացրեց Լևոն Ազիզյանը:
Նրա տեղեկացմամբ' Հայաստանի չորս խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը հունիսի դրությամբ կանխատեսվում է նորմային մոտ: «Հաշվի առնելով, որ ջրամբարներից ջրառը իրականացվում է հունիսի երկրորդ տասնօրյակից, առավելագույն լցվածություն կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում' 85-90 տոկոս, Արփի ջրամբարում'100 տոկոս, Ազատի ջրամբար' 80-90 տոկոս, Ապարանի ջրամբարի համար 60-70 տոկոս լցվածություն»,-նշեց պաշտոնյան: