Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։

«Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը' իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է...

Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։

Զոհերի թվում էին պատերազմներով անցած, մահվանը բազմիցս առերեսված և ճակատագրի բերումով ողջ մնացած հայորդիներ, տարեց մարդիկ, երեխաներ ու կանայք։ Հավերժ խնկարկում նրանց հիշատակին, ուժ ու կորով բազմաչարչար մեր ժողովրդին...»,- գրել է Ասկերանի «Բերդ» թերթը։