Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն' նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները: Նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը:

 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին:

 

Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների եւ մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, այնուամենայնիվ դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

 

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: