Այսօր Արցախի նախագահականում՝ նախագահ Բակո Սահակյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ երկրապահ կամավորականների միության մի խումբ անդամների իրենց հայրենանվեր գործունեության համար պարգևատրեց Արիության և Մարտական խաչ շքանշաններով:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում բարձ գնահատեց երկրապահների գործունեությունը: Նա հատուկ անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմում նրանց ներդրած ավանդին:

«Ես շատ առիթներ եմ ունենում գնահատելու երկրապահների գործունեությունը և որպես ապացույց օրինակ եմ բերում անցած տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ երկրապահների արձագանքը: Այդ ժամանակ երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն առաջիններից մեկն է կապ հաստատել մեզ հետ և 24 ժամ հետո 2500 կամավորականներ արդեն շարված էին կենտրոնական պաշտպանական շրջանում, որտեղից միանգամից մեկնել են ռազմաճակատ»,- ասաց Բակո Սահակյանը, որին հետևեց կամավորականների պարգևատրման պաշտոնական արարողությունը: Նախագահը անձամբ փակցրեց մեդալները երկրապաների կրծքին և լուսանկարվեց նրանց հետ:

Պաշտոնական միջոցառումն ավարտվեց նախագահական նստավայրի դիմաց արված միասնական լուսանկարով:

Լուսանկարները և տեսանյութը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի:
Քրիստինա Աղալարյան
Արցախ