Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյուներից և ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկն է: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը: «Եվ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և զարգացնելու ուղղությամբ: Մեր եռամիասնությունն ունի կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն լուծել մեզ առաջադրվող խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս գրանցված լարվածությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը 1994թ. կնքված հրադադարից հետո հանդիսացան հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված ամենակոպիտ խախտումները, որոնք ուղեկցվել են սահմանային շրջանում ադրբեջանական զինուժի ծանր զինտեխնիկայի կենտրոնացմամբ: «Նման զարգացումները համարժեք քայլեր են պահանջել նաև մեր կողմից:
Արցախի պաշտպանության բանակի և համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր գործողություններն արդյունավետորեն կասեցվել են, ինչի հետևանքով վերջինս, կրելով զգալի կորուստներ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: Մեր պատասխան գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունը վտանգի դեմ և պատրաստակամությունը պահպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը»,- ասաց ԼՂՀ նախագահը:
Բակո Սահակյանն ընդգծեց, որ այդ օրերին իրենց գոտեպնդում էր Հայաստանի և Սփյուռքի համայն հայության համախմբվածությունը, ինչը շատ կարևոր է սահմանին կանգնած զինվորի համար: «Այսօր արդեն իրավիճակը շփման գծում համեմատաբար կայուն է և վերահսկվում է մեր կողմից: Բայց մենք լուծում ենք բազմաթիվ այլ խնդիրներ ևս: Զարգացնում ենք տնտեսությունը, աշխատում ենք սոցիալական տարբեր հարցերի լուծման ուղղությամբ»,- նշեց Բակո Սահակյանը: