Քիչ առաջ Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
«Իմ աշխատանքի մեջ մտնում է Ալբանիային ուսումնասիրելը: Ես դիտել եմ մեր մրցակցի մասնակցությամբ խաղեր, ներկա եմ եղել Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Ես Շվեյցարիայից եմ, որտեղ հանդես են գալիս բազմաթիվ ալբանացիներ: Ես գիտեմ Ալբանիայի բոլոր խաղացողներին, ովքեր հանդես են գալիս են եվրոպական առաջնություններում. դա իմ աշխատանքն է»-ասաց Շալանդը, որից հետո հնչեցին հարցերը.
- Դուք համաձա՞յն եք ոչ-ոքիին:
- Ոչ. համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին գոհ չեմ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Մենք ունենք ընդամենը 1 միավոր, իսկ Ալբանիան՝ 4: Պետք է հաղթենք:
- Ալբանիայի կազմում ո՞ր խաղացողներից եք վախենում:
- Ես չեմ վախենում, ես հարգում եմ: Ես գիտեմ, որ Դե Բիազին հիանալի աշխատանք է կատարել, լավ թիմ է ստեղծել: Կան հիանալի խաղացողներ՝ Կանան, Գաշին, Չակա: Ինձ համար կարեւոր է թիմը, ոչ թե անհատները: Կարեւոր է, թե ինչպես է թիմը գործում, այլ ոչ թե առանձին անհատները:
- Ի՞նչ կարող եք ասել Գաել Անդոնյանի մասին: Արդյո՞ք նա կարող է վաղըխաղաժամանակ ստանալ:
- Ես չեմ կարող ինֆորմացիա տալ կազմի մասին: Անդոնյանը լավ երիտասարդ խաղացող է եւ կլինի հայտացուցակում: Նույնը կարող եմ ասել Ռուսլան Կորյանի մասին: Ես նրան տեսել էի դեռեւս Թուրքիայում, երբ նա «Լոկոմոտիվի» կազմում ժամանել էր հավաքների: Նա լավ խաղացող է եւ կարող է օգուտ տալ:
- Եթե Հայաստանը վաղը պարտվի, Դուք կթողնե՞ք պաշտոնը:
-Այդ հարցը ինձ չպետք է ուղղել: Ներկայումս ես եմ մարզիչը, ես կատարում եմ իմ աշխատանքը: Իմ գլխում այժմ մի բան է. ինչպե՞ս հաղթել Ալբանիային: Իմ խնդիրը ընտրական փուլի արգելքը հաղթահարելն է: Իմ ապագան այդքան կարեւոր չէ, որքան թիմի ապագան:
Ես գիտեմ, որ Դե Բիազին մարզիչների «կիլլեր» է, բայց ես չեմ վախենում:
- Ի՞նչ կասեք վաղվա մարտավարության մասին:
- Մամուլի ասուլիսին ես այդ մասին չեմ խոսում:
- Արդյո՞ք սա Հայաստանի լավագույն թիմն է 1992 թվականից սկսած:
- Ես չեմ կարող ասել: Այո, մենք ունենք լավ խաղացողներ, բայց ես մեկ տարի եմ Հայաստանում եւ չեմ կարող հստակ ասել: