Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցին մարտի 29-ին լեփ-լեցուն էր հայ համայնքի անդամներով, ովքեր ընտանիքներով ներկա են գտնվել Ծաղկազարդի տոնի սուրբ պատարագին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից:

 

Արարողությանը ներկա էին ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, հյուպատոս Լևոն Պետրոսյանը, ազգային մարմինների և միությունների բոլոր անդամները, ինչպես նաև հավատացյալների հոծ բազմություն:

 

Սուրբ պատարագը մատուցել է Կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տեր Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը: Հայր Սուրբը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով կատարված և կատարվելիք միջոցառումների կարևորությանը, խոսել Սիրիայի մեր հարազատների ճգնաժամային վիճակի մասին:

 

Պատարագից հետո եկեղեցու տիկնանց հանձնախմբի կազմակերպությամբ տեղի է ունեցել Ծաղկազարդի տոնի առիթով հատուկ ճաշկերույթ, որին մասնակցել է նաև ՀՀ դեսպանը: