Lurer.com-ի զրուցակիցն է ամերիկահայ գործարար և բարերար Հովիկ Չամիչյանը:
Առաջին հարցս հետևյալն է. ո՞վ է Հովիկ Չամիչյանը: Մի փոքր պատմեք Ձեր, Ձեր ընտանիքի մասին:
Նախ սկսեմ այնտեղից, որ ես երևանցի եմ: Ծնվել եմ 1980 թվականին: Մանկությունս անցկացրել եմ Զեյթուն համայնքում: Հայրիկիս ծնողները 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներ են եղել:
Ապրել են Արևմտյան Հայաստանի Զեյթուն նահանգում: Ցեղասպանության պատճառով գաղթել և հաստատվել են Երևանում: Հայրական պապս՝ Հովհաննես Չամիչյանը, եղել է հայտնի շինարար: Ակտիվ մասնակցություն է ունեցել Զեյթուն համայնքի բազմաթիվ շենքերի կառուցապատմանը: Հայրս ինձ պատմել է, որ պապս սովորություն էր ուներ իր կառուցած բոլոր շենքերի վրա թողնել իր մակագրությունը, որոնք մինչ այժմ պահպանվում են: Հայրս՝ Մանվել Չամիչյանը ճանաչված երգահան և երաժիշտ է: Հիշում եմ դեռ փոքր տարիքից մեր տան հյուրերն էին երգարվեստի նախկին և ներկա անվանի մարդիկ: Մայրս տնային տնտեսուհի է: Ունեմ քույր և եղբայր, որոնք արդեն հասուն և կայացած մարդիկ են իրենց ընտրած բնագավառներում:
Ե՞րբ և ինչպե՞ս եղավ, որ տեղափոխվեցիք Միացյալ նահանգներ:
Դա 1990 թվականն էր: Ի սկզբանե Միացյալ նահանգներ տեղափոխվելու որոշման վրա որևէ ազդեցություն չեմ ունեցել, քանի որ այդ ժամանակ դեռ տաս տարեկան էի: Տեղափոխվելու պատճառը հայրիկիս մասնագիտական գործունեությունն էր: Նա այդ ժամանակ Միացյալ նահանգներում ապրելու և ստեղծագործելու հրավեր էր ստացել իր գործընկերոջից, ով այդ ժամանակ Լոս Անջելեսում զբաղվում էր ռեստորանային բիզնեսով:
Միացյալ նահանգներ տեղափոխվելուց հետո ի՞նչ դժվարությունների, խնդիրների բախվեցիք սկզբնական շրջանում: Դժվարություններ եղե՞լ են ամերիկյան կյանքին ինտեգրվելու առումով: Պատմեք մի փոքր դրանց մասին:
Չէի ասի, որ ինտեգրվելու առումով դժվարություններ են եղել: Դպրոցական տարիներից սկսած զբաղվում էի քիքբոքսինգ մարզաձևով և հենց այդ տարիքից իմ հասակակիցների համեմատ ես ամրակազմ էի և դպրոցում տարբեր ազգերի ներկայացուցիչները փորձում էին ինձ հետ ընկերություն անել: Նույնիսկ եթե իմ դասընկերների միջև որևէ կոնֆլիկտ էր լինում, ակամայից ես միշտ հայտնվում էի հաշտեցնողի դերում և հարցը կարգավորում էի ի օգուտ ընկերության:
Քոլեջն ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ շարունակեցիք Ձեր կրթությունը:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Լոս Անջելեսի Մասնավոր հետաքննությունների ակադեմիան և չորս տարի ուսանելուց հետո ստացա մասնավոր հետաքննիչի մասնագիտություն:
Պարոն Չամիչյան, ե՞րբ հիմնեցիք Ձեր առաջին սեփական բիզնեսը կամ ընկերությունը, և ի՞նչ ոլորտում էր այդ բիզնեսը: Խնդրեմ, պատմեք մի փոքր այդ մասին:
1997 թվականին հիմնեցինք մեր ընտանեկան բիզնեսը “Hovik Manufacturing Company”-ն, որը զբաղվում էր կարի արտադրությամբ և կատարում էր համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ՝ Avirex, BCBG, FUBU, Adidas, BEBE ընկերությունների մանր պատվերները: Սակայն 1999 թվականին ընդունված օրենքը խիստ սահմանափակումներ մտցրեց թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների վրա, ինչի պատճառով շատ ընկերություններ փակվեցին կամ տեղափոխվեցին այլ երկրներ:
Այնուհետև ի՞նչ գործեր ձեռնարկեցիք: Որտե՞ղ եք հասել մինչ այժմ ձեր բոլոր բիզնեսներում:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ի կառավարության կողմից անվտանգության միջոցառումների շուրջ տարվող պետական քաղաքականությունը այդ ոլորտում գործող ընկերություններին գործունեության լայն հնարավորություն էր տալիս և խրախուսում էր նման կազմակերպությունների ստեղծումը: Քանի որ իմ մասնագիտությունն էլ հենց այդ ոլորտում է, 2002 թվականին հիմնեցի մասնավոր հետաքննության և անվտանգության ծառայություններ մատուցող ընկերություն:
Իր գոյության ընթացքում ընկերությունը անվտանգության ծառայություններ է մատուցել տարբեր երկրների ղեկավարների ԱՄՆ այցերի ընթացքում, մասնավորապես կազմակերպել է Արաբական երկրների առաջնորդների անվտանգությունը: Ինչպես նաև մեր կազմակերպության ծառայություններից օգտվում են Google, Yahoo ընկերությունները և ամերիկյան HG TV հեռուստատեսությունը:
Արդեն երկու տարի է հիմնադրել եմ Stone Eye Entertainment նկարահանման ստուդիան, որը հաստատուն քայլերով առաջ է շարժվում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել Լոս Անջելեսում:
Լինելով գործարար՝ դուք այս տարիների ընթացքում նաև անմասն չեք մնացել հասարակական և բարեգործական գործունեությունից: Մի փոքր խոսեք այդ մասին:
Արդեն երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, այսպես, թե այնպես դառնում ես տվյալ երկրի մշակույթի կրողը: Հասարակական աշխատանքը, բարեգործությունը ամերիկյան մշակույթի անբաժանելի մասն է: Ուսանողական տարիներից ընդգրկված լինելով տարբեր հասարակական կառույցների մեջ միշտ կատարել եմ հասարակական աշխատանքներ, տարբեր նախաձեռնություններում եղել եմ որպես կամավոր և ժամանակի ընթացքում ինձ համար դա դարձել է նաև ապրելակերպ:
Այժմ էլ ես և իմ ընկերները, որոնք նույնպես իրենց ոլորտներում կայացած և հաջողությունների հասած մարդիկ են, կազմակերպում ենք տարբեր ակցիաներ, հեծանվարշավներ և նմանատիպ այլ նախաձեռնություններ և դրանցից հանգանակված գումարները ուղղում ենք կարիքավոր մարդկանց: Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոների նախօրեին ընկերներով այցելում ենք Լոս Անջելեսի Shriners Hospitals for Children հիվանդանոց, որտեղ հարյուրավոր հաշմանդամություն ունեցող երեխաներ ուշադրության են սպասում մեր կողմից: Մենք էլ մեր չափով ենք փորձում նրանց կյանքը գեղեցիկ դարձնել:
Իսկ Հայաստանում բնակվող կարիքավորներին օգնելու համար ի՞նչ նախաձեռնություններ եք ունեցել կամ ունեք:
Կուզեմ անպայման նշել, որ Հայաստանում ապրող և մեր օգնության կարիքն ունեցողները բազմաթիվ են, սակայն երկու տարի է շարունակաբար օգնում ենք Վանաձորում և Գյումրիում ապրող երեք ընտանիքների, որոնց մասին տեղեկացել ենք Հայաստանում ապրող մեր ընկերներից: Այդ երեք ընտանիքներն էլ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում և մենք նրանց ամեն ամիս դրամական և նյութական օգնություն ենք ուղարկում:
Սակայն, այժմ Հայաստանում ծրագրեր ունենք մեր գործունեությունը ավելի համակարգված դարձնել և դրա համար արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Երևանում և մի քանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սոցիալական տարբեր խնդիրների լուծմամբ, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով: Շատ եմ կարևորում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը, և մենք աշխատանքներ են տանում հնարավորին չափով թեթևացնել նրանց կյանքը: