Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը Access կազմակերպության հետ համատեղ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը: Այն կօգնի լուծել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերը: Սեպտեմբերի 19-ին Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության համաժողովին նվիրված ասուլիսում այս մասին խոսեցին ծրագրի կազմակերպիչները:
«Ծրագիրը երկամյա է: Ունենք 44 համագործակցող կազմակերպություններ: Պետք է փորձենք համագործակցող բոլոր կառույցների հետ միասին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերը մեկ քայլ առաջ մղել Հայաստանում՝ օգնելով հաշմանդամություն ունեցող անձանց դառնալ մեր հասարակության լիարժեք անդամներ»,- ասաց «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:
«Մենք փորձում ենք բոլոր բացթողումները լրացնել՝ լսելով փորձագետներին: Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրենքն այսօր գտնվում է ԱԺ-ում, նախատեսվում են քննարկումներ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Access կազմակերպության համահիմնադիր Եվգենիա Գիակումոպուլուի խոսքով՝ իրենք փորձելու են Երևանից և մարզերից տարբեր հասարակական կազմակերպությունների մասնակից դարձնել այս ծրագրին:
«Շատ ուրախ ենք, որ նման ծրագիր է իրականացվում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Այն փորձելու ենք իրականացնել Հայաստանի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման և Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի մեխանիզմների կիրարկման միջոցով»,-ասաց Եվրախորհրդի ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող առցանց HELP դասընթացի հեղինակ Դելիա Ֆերրի խոսքով՝ դասընթացի նպատակն է թույլ տալ մարդկանց ավելի լավ տեղեկանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներից:
«ԵՄ-ն ուրախ է աջակցելու այս ծրագրի իրականացմանը: Եվրոպական միությունը 2008թ-ից սկսած ավելի քան 80 երկրներում տարբեր ծրագրերի է աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված: Ծրագրի միջոցով կբարձրանա մարդկանց իրազեկվածությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ»,- ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: