Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կկնքվի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության համաձայնագիր: Դրա նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում:

«Հայ-ղազախական հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակներում, կայուն զարգացում են ապրել: Բավականին ակտիվացել են նաև երկու պետությունների ժողովուրդների բարեկամական կապերը: Բազմավեկտոր այդ հարաբերություններում առանձնակի տեղ ու դեր ունեն արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող աշխատանքները:

 

 

Այդ բանը պայմանավորված է երկու պետությունների աշխարհագրական դիրքով, ինչպես նաև նույն ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) դաշինքին անդամակցությամբ և նույն տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությամբ (ԱՊՀ, ՍԾՏՀ Կ): Բնական և տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն ունեն լուրջ նույնություն: Երկուսն էլ գտնվում են Ալպեր-Հիմալայան երկրաշարժավտանգ լեռնային գոտու վրա, երկուսին էլ սպառնում են տեխնածին նույնատիպ ռիսկերը (սառեցված քիմիական արդյունաբերություն, վտանգավոր հիդրոկառույցներ և այլն)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 

 

Միաժամանակ, նշվում է, որ արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների մոտեցումներն ու ռազմավարությունն ունեն ընդհանուր շատ բաներ: Երկու կողմի մասնագետները բավականին հաջողությամբ են համագործակցում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, մշակում համատեղ փաստաթղթեր և այլն:

 

 

Սակայն, ըստ էության, հայ-ղազախական հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը աղետների դեմ պայքարի բնագավառում բացակայում են: Սույն համաձայնագիրը կլրացնի նշված բացը և կնպաստի արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների կառավարությունների և իրավասու գերատեսչությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքների էլ ավելի ակտիվացմանը: