Պաղեստինն ապրիլի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Այս մասին հայտնել «Նեզավիսիմայա Գազետան»:

 

Այդ առիթով կառույցում կանցկացվի ներքին փոքր արարողություն, որը փակ կլինի հանրության կամ մամուլի համար:

 

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը Հռոմի ստատուտին (դատարանը հիմնած միջազգային պայմանագիր) միանալու փաստաթղթերը ներկայացրել էր հունվարի 2-ին: Համաձայն Միջազգային քրեական դատարանի կանոնների՝ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ամսվա հենց սկզբից՝ փաստաթղթերը ներկայացնելուց 3 ամիս անց:

 

Այսպիսով՝ Պաղեստինը դարձել է դատարանի 123-րդ անդամ-պետությունը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պաղեստինն այսօր պատրաստ կլինի դատարան ներկայացնել փաստաթղթեր՝ կապված Իսրայելի գործողությունների հետ։ Պաղեստինյան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մի շարք իսրայելցի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում իրենց տարածքում ռազմական հանցագործությունների համար: