Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի գծով հետազոտող Վրաստանի քաղաքացի Գերոգի Գոգիային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան, եւ առանց որեւէ բացատրության Բաքվի օդանավակայանում անվտանգության աշխատակիցների կողմից 31 ժամ պահելուց հետո վերադարձրել են անձնագիրը եւ նրան ուղարկել Թբիլիսի, որտեղից ժամանել էր: Գ. Գոգիան Բաքու էր ժամանել մասնակցելու տեղացի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի դատական լսումներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, HRW-ի Եվրոպայի եւ Միջին Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը միջադեպի առնչությամբ հայտարարել է. «Գոգիայի Բաքու մուտքն արգելելը վկայում է այն մասին, թե ինչքան է խորացել Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշումը: Ցնցող է, որ դա տեղի է ունենում Եվրոխաղերը հյուրընկալող երկրում»:
«Բաքվի իշխանություններն այնքան վատ բաներ են արել, որ այժմ վախենում են, որ որեւէ մեկը կարող է դրա վկան դառնալ: Դա HRW-ի ներկայացուցիչների համար մուտքի առաջին արգելքն է այդ երկիր», -հավելել է նա:
HRW-ն նշել է, որ Ադրբեջանում վերջին մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների մի շարք ակտիվիստներ կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են:
Վրաստան հասնելուն պես Գ. Գոգիան տեղական ԶԼՄ-ներին հայտարարել է. «Ակնհայտ է, որ Ադրբեջան իմ մուտքն արգելվել է քաղաքական դրդապատճառներով: Դա Բաքվի քաղաքական որոշումն էր»:
HRW-ն հայտնել է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանում նվազագույնը 35 իրավապաշտպան են ձերբակալվել իշխանություններին քննադատելու համար: