ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Արփինե Հովհաննիսյանին՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է: «Այո, սա քաղաքական որոշում է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու, քաղաքական որոշում է կայացվել»,- ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ իրենք գնահատում են Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, բայց չեն ուզում այս քայլով ցույց տալ, որ իր օգնության կարիքն ունեն կամ չունեն: Նաև չեն բացառում, որ համագործակցության այլ ֆորմատների դեպքում, հնարավոր է, Արփինե Հովհաննիսյանի օգնությունից չհրաժարվեն:
«Թեև կասկածի տակ չենք դնում Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, բայց հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելիություն»,- ասում է Բադասյանն ու հավելում, որ տիկին Հովհաննիսյանի հայտում նշված է եղել, որ ինքը նախորդ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին է մասնակցել, ինչն ինքնին դրական գնահատականի չի կարող արժանանալ: