Այս տարվա ընթացքում «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի կողմից նախատեսվում է իրականացնել քաղաքի շուրջ 50 բազմաբնակարան շենքերի մասնակի վերանորոգման աշխատանքներ, որի համար հատկացումը կազմում է շուրջ 1 մլն դրամ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության տնօրեն Վալերիկ Վարդանյանն ընդգծեց, որ շենքի մեկ տանիք հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 15-18 մլն դրամ գումար, իսկ նման բազմաբնակարան շենքերն Արտաշատում 127-ն են: Նրա խոսքով, 2008-ից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են ընդամենը երկու-երեք անգամ' վարձավճարներից հավաքագրած միջոցներով կամ քաղաքապետարանի հատկացմամբ: Իսկ մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվում են վերջին 6-7 տարիների ընթացքում:
Վարդանյանը նշեց, որ Արտաշատում բազմաբնակարան շենքերը կառուցվել են շուրջ 50 տարի առաջ, եւ բոլորի տանիքներն էլ գտնվում են խիստ անմխիթար վիճակում: «Առատ անձրեւներ տեղալիս մենք բողոքներ ու ահազանգեր ենք ստանում նույնիսկ այնպիսի շենքերից, որոնց հետ կապված ոչ մի խնդիր երբեւէ չենք ունեցել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մարտի 30-ին տեղացած կարկուտի եւ անձրեւի հետեւանքով եղել են աննախադեպ թվով ահազանգեր' տանիքից հոսող եւ բնակարանները լցվող անձրեւաջրերի վերաբերյալ: Վարդանյանն ասաց, որ տանիքները նման վիճակի են հասել ոչ միայն տարիներ տևած բարձի թողի վիճակի պատճառով, այլ նաեւ վերջին տարիների ընթացքում ալեհավաքների տեղադրման, համացանցային մալուխների եւ գազատար խողովակների անցկացման ժամանակ բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Վարդանյանը հավելեց, որ ՀՈԱԿ-ի միջոցները, որոնցով եւ իրականացվում են վերանորոգման աշխատանքները, գոյանում են նաեւ հավաքագրված վարձավճարների հաշվին: Իսկ քաղաքի բազմաբնակարան շենքերի 5050 բնակարանների մեծ մասում այսօր «փակ դռների» ռեժիմ է. բնակիչները բացակայում են կամ բնակվում վարձավճարով, ինչի հետեւանքով հնարավոր է լինում հավաքագրել պետականորեն սահմանված վարձավճարների միայն 1/3-ը: «Վճարում է միայն բնակիչների 30-40 տոկոսը: Վճարումներ իրականացնողները մեծ մասամբ միշտ նույն մարդիկ են, ովքեր պարտաճանաչորեն մուծումներ են իրականացնում առանց ավելորդ հիշեցման:
Լիլիթ Մաճկալյան