Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ապրիլի 2-ին իր գրասենյակում ընդունել է ՄԱԿ-ի կրոնական ազատության բաժնի պատասխանատու Հեյնր Բիելեֆելթին և նրա երկու օգնականներին: ՄԱԿ-ի ներկայացուցչի այցելության նպատակն էր մոտիկից ուսումնասիրել խղճի ազատությունը, Միջին Արևելքում և հատկապես Լիբանանում տիրող իրավիճակը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Իր առաքելության ավարտին ՄԱԿ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պետք է զեկույց ներկայացնի:

 

Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի ներկայացուցչին անհրաժեշտ մեկանաբանություններ է տվել խղճի ազատության, կրոնի ու հավատքի մասին:

 

Նա անդրադարձել է Լիբանանում տիրող իրավիճակին՝ նշելով. «Լիբանանը համայնքների ընտանիք է: Լիբանանյան ընտանիքը կառավարվում է իր ներքին դրվածքին հատուկ ժողովրդավարական սկզբունքներով: Ժողովրդավարական և տարբեր համայնքներից կազմված երկիր լինելով՝ կրոնի ազատությունը Լիբանանի ներքին կյանքում ամենահատկանշական երևույթներից մեկն է»: Նա նաև ավելացրել է, որ Լիբանանը դրական օրինակ կարող է լինել բազմակրոն այլ ընկերությունների համար:

 

Իր եզրափակիչ խոսքում Վեհափառը նշել է, որ կրոններ, մշակույթներ, ազգեր միասին են ապրում՝ մի կողմից պահպանելով իրենց տարբերությունները, մյուս կողմից զարգացնում են իրար կապող սկզբունքները, արժեքները, կենցաղը, մտածելակերպերը: «Բոլոր պայմաններում պետք է հարգել կրոնի ազատությունը' որպես մարդկային իրավունքների հիմնական սկզբունքներից մեկը»,- եզրափակել է նա: