ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 1-ից Թուրքիայի Հանրապետությունից և Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, լաբորատոր հետազոտությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար:
Համաձայն հանձնարարականի՝ Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի: