Իսրայելում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին տեղի հայկական համայնքը բողոքի ակցիա է կազմակերպելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը:

 

«Մեր հիմնական ուղերձը մեկն է՝ պահանջատիրությունը: Հայ ազգը 100 տարի անց էլ շարունակելու է պայքարը: Մեր հիմնական պահանջն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, հողերի վերադարձ»,-ասաց Հակոբ Սևանը:

 

Մինչ Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության շենքերի մոտ բողոքի ակցիան, ապրիլի 23-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից մատուցվելու է սուրբ պատարագ' ի հիշատակ նահատակ սրբերի: Այնուհետև ծաղկեպսակներ են դրվելու, ծաղիկներ են խոնարհվելու Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ: Դրանից բացի, երեկոյան անցկացվելու է ջահերով երթ, որը մեկնարկելու է Երուսաղեմի Սուրբ Հակոբավանքի մոտից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: