Վաղը՝ ապրիլի 13-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ կիրականացնեն դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ինտեղեկացրեց ակցիայի կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը։ Վերջինս նշեց, որ իրենք երթի վերաբերյալ համապատասխան հայտարարություն են տարածել, որում նշվում է բողոքի ակցիա անելու պատճառները, հիմնավորումները, նպատակը և այլն։
Հայտարարությունը՝ ստորև.
«Ապրիլի 2-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Արցախը դիմակայեց ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ ցավոք, 65 զոհված, 121 վիրավորված, ինչպես նաև՝ անհայտ կորած հայրենիքի խիզախ պաշտպանների, սպանված քաղաքացիների կյանքի ու արյան գնով: 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրից հետո դրանք ամենախոշոր ռազմական գործողություններն էին, որոնց ընթացքում հակառակորդի զինուժը մեր դեմ կիրառեց վերջին տարիներին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զինտեխնիկայի ողջ ընտրանին:
Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի և Արցախի հասարակության մեջ կեղծ պատրանք է ձեւավորվել, որ ի դեմս Ռուսաստանի՝ Հայաստանն ունի հզոր դաշնակից, որը մեր անվտանգության երաշխավորն է: Ուղղահայց և հորիզոնական իրականացված այս մահաբեր հռետորաբանությունը իրականացվել է' օգտագործելով քարոզչական բոլոր միջոցները:
Մինչդեռ, ի հակառակ այդօրինակ հավաստիացումների, տարիներ շարունակ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլլարի ռազմամթերք, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենքեր' կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր և ТОС-1А «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ:
Ռուսաստանի այն արդարացումը, որ եթե իրենք չվաճառեին, ապա Ադրբեջանը զենքը կգներ այլ երկրներից, իրականում ստոր սուտ և կատարված հանցագործության համար պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քանի որ համարժեք զենքեր արտադրող մյուս երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) հրաժարվել են Ադրբեջանին սպառազինելուց:
Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսեւորում էին վերջին օրերի դիվանագիտական զարգացումները, որոնց գագաթակետը Բաքվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից մեր դեմ սանձազերծված ռազմական ոտնձգությունների ժամանակ սպանված ասկյարների հուշահամալիր-պանթեոնում ծաղկեպսակի տեղադրումն էր, ինչպես նաեւ՝ ՌԴ վարչապետի ու փոխվարչապետի հայտարարությունները Ադրբեջանին սպառազինության վաճառքը շարունակելու մասին:
Ավելին՝ անցած տարիներին Ռուսաստանն իր վերնոշյալ և այլ քայլերով թուլացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջանում փխրուն խաղաղությունը կառավարելու եւ նոր պատերազմները կանխելու դերակատարումը:
Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին' մասնակցել ապրիլի 13-ի բողոքի երթին, որը ժամը 18:30-ին մեկնարկվելու է Ազատության հրապարակից և եզրափակվելու է ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի մասնակիցների անունից հայտարարության հրապարակումով, որով Ռուսաստանից պահանջելու ենք.
-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները, որը նա ոչ միայն չի կատարել, այլև հատկապես վերջին տարիներին խախտել է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող վերոնշյալ հանցավոր արարքների,
-իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դադարեցնել տարածաշրջանի ապակայունացման քայլերը,
-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, հակառակ պարագայում Հայաստանի հասարակությունը մի վերջին անգամ կամրագրի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, եւ Հայաստանն իր հերթին կաշկանդված չի լինի նրա հանդեպ դաշնակցային պարտավորություններով»։