Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում' կապված Սիրիայի տարածքում կործանված ռուսաստանյան ռազմական Սու-24 ինքնաթիռի դեպքերի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական ռազմական ինքնաթիռի վրա եղած հարձակումն ինձ վրդովեցրել է: Ես ուզում եմ Թուրքիայի իշխանություններին ասել, որ բոլոր գործողությունների համար պետք է պատասխան տալ»,-ասել է ակցիային մասնակցող Ազգային ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը:
«Երբ մենք տեսանք, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է թուրքական օդուժի կողմից, մենք դուրս եկանք այս իրավիճակը տեղեկատվական դաշտում բացատրելու: Մեր երկրի նկատմամբ այս ագրեսիան նման է սադրանքի, և մենք հույս ունենք, որ սա առանց ուշադրության չի մնա »,- ասել է ակցիայի մեկ այլ մասնակից:
Ակտիվիստներն իրենց ձեռքերում են պահում պաստառներ, որոնց վրա նշված է. «Ենթարկել Թուրքիային պատասխանատվության»,«Հատուցումն անխուսափելի է», «Կործանված օդաչուները ոչնչացնում էին ահաբեկիչներին, որպեսզի չզոհվեին մեր և ձեր խաղաղ քաղաքացիները»: Ակտիվիստ կանանցից մեկը վանկարկում է. «Թուրքիա - ահաբեկիչների մեղսակից»:
Թուրքիայի դեսպանատան տարածքում ընդլայնվել է պաշտպանությունը, բողոքի ակցիան խաղաղ է ընթանում: