ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ և կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: