Անթիլիասի մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Իր Հայրապետական պատգամում Վեհափառ Հայրապետը նշել է, որ Ոտնլվայի արարողությունները շոշափելի կերպով արտահայտում է քրիստոնեական կրոնի էությունը հանդիսացող սերը: Սերը քրիստոնեական ըմբռնումով համարվում է Աստծո ստորոգելիներից մեկը: Սակայն սերը սովորական ստորոգելի չէ, Աստված է սերը, սիրո անսպառ աղբյուրը:
Աստվածաշնչյան ընդհանուր վերլուծությունից հետո նա իր պատգամն է ուղղել ժողովրդին՝ նշելով, որ սիրել' նշանակում է Աստծո ներկայությունն ապրել: «Սիրել' նշանակում է մեր նմանին օգտակար լինել: Սիրել' նշանակում է մեր եկեղեցու, ազգի ու հայրենիքի համար ապրել, գործել ու ծառայել»,- նշել է Կաթողիկոսը:
Ոտնլվայի արարողություններ են տեղի ունեցել նաև Սիրիայում՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես նաև Սիրիայի մյուս հայկական եկեղեցիներում: