ԱՄՆ-ի Դեկեյտերի օկրուգում (Ջորջիայի նահանգ) երդվյալների դատարանը Chrysler ավտոկոնցեռնին պարտավորեցրել Է 150 միլիոն դոլար վճարել 4-ամյա տղայի ընտանիքին, որը զոհվել Է կոնցեռնի արտադրած Jeep Grand Cherokee ավտոմոբիլում ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 2-ին երդվյալների կայացրած վճռի համաձայն՝ ավտոկոնցեռնը «բացահայտ արհամարհանք» Է դրսեւորել իր սպասարկյալների կյանքի նկատմամբ, երբ Բեյնբրիջ քաղաքից (Ջորջիայի նահանգ) Ուելդոնների ընտանիքին Է վաճառել 1999 թվականի թողարկման ավտոմոբիլ՝ հետին կամրջակին ամրացված բենզաբաքով:
Երեք տարի առաջ Jeep-ը ենթարկվել Է ճանապարհատրանսպորտային պատահարի. հետեւից ընթացող պիկապը չի հասցրել արգելակել եւ մխրճվել Է ավտոմոբիլի հետին դռան մեջ: Քանի որ հարվածը բաժին Է ընկել գործնականում բենզաբաքին, տեղի Է ունեցել պայթյուն: Հետին նստոցին գտնվող 4-ամյա Ռեմինգտոն Ուելդոնը փրկվելու նվազագույն իսկ շանս չի ունեցել:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկու տարի առաջ ԱՄՆ-ի իշխանությունների ճնշման ներքո Chrysler-ը հետ Է կանչել բենզաբաքի համանման տեղադրմամբ իր բոլոր մոդելները: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ ավտոմոբիլների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ բռնկած հրդեհների հետեւանքով երկրում զոհվել Է առնվազն 75 մարդ:
Երդվյալների ժյուրին գտել Է, որ 4-ամյա տղայի մահվան մեջ 99 տոկոսով մեղավոր Է ավտոկոնցեռնը, որը պատրաստել Է այդ մոդելը եւ զոհվածի ընտանիքի անդամներին չի զգուշացրել նման կառուցվածքի վտանգավորության մասին: