Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը, ՀՀ կառավարության որոշմամբ, պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Դպրոցը Մայր Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց: Մեկնաբանելով դպրոցի նոր կարգավիճակը՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը   Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

 

 

«Նախատեսվում է ուժեղացնել հումանիտար հոսքը. բնագիտական հոսքը թողնում ենք: Աջակցություն կունենանք նաև Մայր Աթոռից: Աջակցությունը կլինի զանազան` և՛ ուսումնանյութական բազայի, և՛ շենքի պայմանների բարելավման տեսանկյունից:

 

 

Մայր Աթոռը ցանկություն ունի, որ Հայոց լեզուն, Հայոց պատմությունը, գրաբարը արևմտահայերենը, Հայ եկեղեցու պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը ուժեղացնենք, լավացնենք»:

 

 

Տիկին Հովհաննիսյանի կարծիքով՝ դպրոցի կարգավիճակի փոփոխությամբ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ աշակերտները նույն առարկաներն են սովորելու. օրենքին հակասող ոչինչ չկա:

Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ կարգավիճակից ելնելով՝ աշակերտների կողմից բողոքներ, հեռացման դիմումներ չեն եղել:

 

 

Նույն թեմայի շուրջ զրուցեցինք նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ, ով ևս ողջունում է այս գաղափարը.

«Կրթության տեսակետից այստեղ ոչինչ չի փոխվում: Փոխվում է կառավարման ձևը: Դպրոցը դառնում է հիմնադրամ, ոչ թե ՊՈԱԿ: Դպրոցն ունենում է ոչ թե կառավարման խորհուրդ, այլ` հոգաբարձուների խորհուրդ, և դա բոլորովին չի նշանակում, թե աշխարհիկ կրթությունից անցնում ենք հոգևոր կրթության: Բոլորովին»:

Անահիտ Բախշյանը հիշեցնում է` Էջմիածնում Մայր Աթոռի հոգածության ներքո ևս մեկ դպրոց կա, որտեղ որակյալ կրթություն է ապահովված: Ճանաչելով դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին՝ տիկին Բախշյանը վստահ է, որ այստեղ ևս կապահովվի բարձր մակարդակով կրթություն:

Հարցին, թե մեր հասարակությունը բազմաշերտ է, և հնարավոր է՝ այդ դպրոցի աշակերտներից ոմանք չհարեն Հայ Առաքելական եկեղեցուն, այս դեպքում լուծումը ո՞րն է լինելու, տիկին Բախշյանն ասաց. «Այն, որ դպրոցը սկսում է գործել Մայր Աթոռի հոգածության ներքո, դեռ չի նշանակում, որ որևէ ընտանիքի երեխա, որը հայ առաքելական եկեղեցուն չի հարում, պետք է դուրս մնա կրթությունից՝ չնայած նրան, որ մեր երկրում «Կրթության մասին օրենքում» ասվում է, որ ծնողն ինքն է ընտրում դպրոցը: Այդ դեպքում ծնողը կարող է ընտրել այլ դպրոց, եթե այդտեղ իր խղճի ազատության հետ կապված ինչ-որ քայլ լինի: Թեև ես դա բացառում եմ:

Կարծում եմ, որ քրիստոենական կրթությունը, բարոյական նորմերը, որոնք մենք ուզում ենք տեսնել մեր հասարակության մեջ, գուցե եկեղեցին, Մայր Աթոռը այս դպրոցում կկարողանան սերմանել աշակերտների մեջ»:

Ն. Ա.