Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականը Մարսելում հայտարարվել է «Հայաստանի տարի», որի շրջանակներում քաղաքի տարածքային չորս մարմինների (նահանգապետարան, քաղաքապետարան, մարզպետարան և Մարսելի արվարձանների խորհուրդ) և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ուժերով կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախաձեռնության նպատակն է Մարսելի և արվարձանների քաղաքապետերին, թաղապետերին, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, համախմբել, ներկայացնել Հայաստանը, հայ ազգային մշակույթը, պատմությունը և Օսմանյան Կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

 

 

Միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» միությունը, որի կազմում ընդգրկված են հայազգի և ֆրանսիացի տարբեր ոլորտների հայտնի անհատներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:

 

 

Նախատեսված է ընդգրկել արվարձարանային շուրջ երեսուն քաղաքներ և ծրագրվել են 2015թ. ընթացքում կայանալիք մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ' ապրիլի 25-ին Մարսելի Բորսայի պալատում կկազմակերպի ֆրանս-հայկական գրքի փառատոնը, որի ժամանակ կներկայացվի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող' Ռիչարդ Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» և «100-րդ տարելիցի ձիթենին» ֆիլմերի ցուցադրումը, կկազմակերպվեն հայազգի նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումեր: