ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 4-ին հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների և հաստատության շրջանավարտների հետ: Հանդես գալով ողջույնի խոսքով և պաշտպանության նախարարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը առկա մարտահրավերների պայմաններում:

 

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: Սեյրան Օհանյանն ունկնդիրների հետ զրուցել է Հայաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների, ռազմաքաղաքական դիրքորոշումների, ազգային ու միջազգային երաշխիքների, պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացի դրույթների և առհասարակ՝ բ անակաշինության ոլորտում կատարվող առանցքային բարեփոխումների մասին:

 

Խոսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, առկա ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ նախարարը փաստել է, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը վարում է համարձակ և նախաձեռնողական քաղաքականություն՝ հիմքում դնելով զինված ուժերի մարտական կարողությունների առավել զարգացման, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների ընդլայման, բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործունեությունը:

 

Դասախոսության ավարտին ծավալվել է նաև ակտիվ քննարկում, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է ներկաներին հուզող բոլոր հարցերին: