Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

 

 

Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության և բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում իրականացվում են տարբեր միջոցառումներ: ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

 

 

Այս կարգախոսը Հայոց ցեղասպանությունը և երբևէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» խորագրով ցուցահանդեսը:

 

 

Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության և բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերո ղ բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտասարդ սերնդին իրազեկել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության գործած սոսկալի ոճրագործությունների մասին: Որքան էլ տառապալից է ողբերգական այս իրադարձությունների վերհուշը, նույնքան պարտավորեցնող է «Այլևս երբեք»-ի պատգամը սերնդեսերունդ փոխանցելը: Այս ցուցահանդեսն ինքնին վկայում է այն մասին, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու, քանի որ մարդկության դեմ գործած ոճիրները վաղեմության ժամկետ չունեն»:

 

 

Այնուհետև Գալուստ Սահակյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:

 

 

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է. «Մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին: Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը: Այդ մասին վկայում են այս ցուցահանդեսում ներկայացված ֆրանսիական, իտալական, բրիտանական, ամերիկյան, ռուսական և կիպրական թերթերի հրապարակումները:

 

 

Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարությ ուններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին: Այդ մարդկանց վկայությունները, սարսափելի տեսարանները ներկայացնող լուսանկարները հետագայում հրապարակվեցին թերթերում կամ հուշագրություններում, դրանք այժմ արժեքավոր արխիվային նյութեր են և թուրքական սարսափելի բարբարոսությունների վառ ապացույցը»:

 

 

Պարոն Օմիրուն փաստել է նաև, որ Կիպրոսն անտարբեր չի եղել հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ: 1890 թվականից ի վեր թուրքական վայրագությունները նկարագրող բազմաթիվ հրապարակումներ պարբերաբար հրապարակվել են Կիպրոսի հունալեզու մամուլում: Այդ հրապարակումների մի մասը ներկայացված է ցուցահանդեսում: Ըստ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ հայ գաղթականները Կիպրոս են եկել 19-րդ դարի վերջում:

 

 

Տասը հազարից ավելի հայ գաղթականներ հեշտությամբ ինտեգրվել են Կիպրոսի հասարակությանը և աստիճանաբար դարձել կիպրացի ժողովրդի անբաժանելի մասը: Կիպրոս ի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայկական կրոնական խումբը ներկայացված է եղել հունական համայնքային վեհաժողովում, իսկ 1965 թվականից՝ Ներկայացուցիչների պալատում: Այնուհետև Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է եղբայրական հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և արդարությունը վերականգնելու գործում:

 

 

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: