ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը կոչ է արել Յարմուք ճամբարից հանել բնակիչներին և տեղափոխել Սիրիայում առավել անվտանգ շրջաններ կամ այլ տարածքներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով կարևոր չէ, թե պաղեստինցիները որտեղ կտեղափոխվեն, կարևորը նրանք լինեն ապահով վայրում: «Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասն Ամմանում հորդանանյան իշխանությունների հետ քննարկում է «Իսլամական պետությունից» պաղեստինցիների պաշտպանության հարցը»,- նշել է Ռիյադ Մանսուրը:
ՄԱԿ-ը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Յարմուք ճամբարի իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ էր գումարել ապրիլի 6-ին, որի ընթացքում քննարկվել են ճամբարի բնակիչներին օգնություն ցուցաբերելու ուղիները:
ՄԱԿ-ը նաև կքննարկի ճամբարի մոտ 18 հազար բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Պաղեստինցի փախստականների օգնության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յաբիր Կրենբյուլը նույնպես կոչ է արել անհապաղ բնակիչներին հեռացնել ճամբարից:
ՄԱԿ-ի տվյալներով, մոտ հարյուր մարդ փախուստի է դիմել ճամբարից, սակայն ավելի քան 3500 երեխաներ շարունակում են մնալ այնտեղ:
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, «Իսլամական պետության» ավելի քան 3 հազար ահաբեկիչ Հաջր ալ Ասուադ շրջանից ներխուժել էին Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբար՝ սկսելով ավերել ու թալանել շինությունները:
Ահաբեկիչները վերահսկում են հաստատել Յարմուք ճամբարի մեծ մասը: