Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը կարծում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամների ձերբակալմանը և բերման ենթարկելու հանգամանքին՝ Վահան Բաբայանն ընդգծեց, որ դա սպասելի էր, քանի որ նրանց հայտարարությունները կասկածելի էին: «Եթե նրանք օրենք են խախտել, իսկ ոստիկանությունն էլ այդ մասին տեղեկատվություն ունի, ապա սա կարելի էր սպասելի համարել, քանի որ նրանց հայտարարություններն էլ կասկածելի էին: Այդ հարցի վերաբերյալ այսքանը կարող եմ ասել: Գնահատական թող տան իրավապահ մարմինները, իսկ ես, որպես քաղաքական գործիչ, այս պահին զերծ կմնամ գնահատականներ տալուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը՝ հավելելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:

 

Դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն անօրինական քայլ անելու ոչ մի կոչ չեն հնչեցրել, Բաբայանը պատասխանեց, որ դա իրավապահ մարմինների որոշելու հարցն է, որոնք, հնարավոր է, որոշակի տեղեկատվություն են ունեցել: «Իրավապահները պատահաբար ոչ մեկին չեն ձերբակալում: Մեր երկիրը այն վիճակում չէ, որ հնարավոր լինի առանց որևէ պատճառի որևէ բան անել: Եթե կա խնդիր, եկեք սպասենք ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»,- ընդգծեց Բաբայանը:

 

Հարցին ի պատասխան, թե «Հիմնադիր խորհրդարանի» ո՞ր հայտարարությունն է կասկածելի, Բաբայանը նշեց, որ կա ապրիլի 24 , որը հայ ազգի համար սգո օր է և չի ճանաչում քաղաքական և կուսակցական տարբերություն. «Եթե մարդիկ կարող են այդ օրը օգտագործել քաղաքական նպատակներով, ես դա ճիշտ չեմ համարում»,- ասաց Բաբայանը:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչե ր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:

 

Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ: Հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ապրիլի 7-ին ձերբակալվել են 2 անձ: ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը: Մի խումբ անձինք էլ բերման են ենթարկվել: