Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունը տեղին չի համարում:

 

 

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Նաղդալյանն ընդգծեց, որ ներքաղաքական խնդիրների մասին բարձրաձայնելու համար տեղին չէ և ճիշտ չէ ընտրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: «Ներքաղաքական հարցեր քննարկելու համար տարին ունի 365 օր և կարելի է ցանկացած այլ օր ընտրել: Ես ինքս կցանկանայի մեր ընդդիմադիր գործընկերներին դիմել, որ այդ օրը չարժե ներքաղաքական թեմաներին նվիրել, քանի որ այդ օրը մենք այլ անելիք ունենք: Մենք այդ օրը ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

 

 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը արտոնել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքները, Նաղդալյանն ընդգծեց, որ դա օրենքով սահմանված գործընթաց է:

 

 

Դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում խոչընդոտել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, այլ ապրիլի 24-ի երեկոյան սկսելու են մոբիլիզացնել ժողովրդին, Նաղդալյանը պատասխանեց. «Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, և խաղաղ ցույցերի անցկացումն օրենքով սահմանված է: Մեր ասելիքն այն է, որ այդ օրը չարժե նման գործողությունների գնալ: Տարվա յուրաքանչյուր այլ օր նրանք կարող են իրականացնել իրենց ծրագրերը, քանի որ ազատ երկրի ազատ քաղաքացիներ են»: