«Իսլամական պետության» ահաբեկիչներն ապրիլի 7-ին պայթեցրել են Մոսուլի պատմական ամրոցը, որն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ուներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Իրաքի անվտանգության ուժերը Դիյալա քաղաքում մեծ հարձակում են սկսել ԻՊ-ի դեմ: Բախումներ են ընթանում Սալահ ադ Դին մարզի Ջաբալ Համրին շրջանում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԻՊ-ն ազատ է արձակել Նինվեում առևանգված 30 եզդիների:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրաքյան ուժերը քրդերի հետ պատրաստ են մարքրել Նինվե մարզն ահաբեկիչներից: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում տեղի ունեցող զարգացումները, և որոշվել է համատեղ ուժերով, միջազգային դաշինքի օգնությամբ շարունակել պայքարն ԻՊ-ի դեմ:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ռմբակոծել է «Իսլամական պետության» դիրքերը՝ Բայջիի, Մոսուլի, Ռամադիի հենակետերը, ոչնչացվել են խմբավորման մարտական դիրքերը, դիպուկահարների թաքստոցները:
Օդային հարվածները Սիրիայում ուղղվել են Հասաքեի, Ռակկայի և Քոբանի քաղաքների դիրքերին, ոչնչացվել են ահաբեկիչների ութ մարտական դիրքեր, թունելներ:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր, և միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: