«Իսլամական պետության» ահաբեկիչները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքում գտնվող Ալ Խադար հնագույն մզկիթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն ականապատել է մզկիթը՝ մտադրություն ունենալով այն պայթեցնել:

 

 

ԻՊ-ն համացանցում ատարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվող կադրերում երևում է, թե ինչպիսի ավերածությունների է ենթարկվել Մոսուլի պատմական թանգարանը: 5-րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են ծայրահեղականները մուրճերով և այլ գործիքներով ջարդում հսկայական արձանները:

 

 

Ավելի վաղ լուրեր էին հրապարակվել Մոսուլի կենտրոնական գրադարանն այրելու մասին, որտեղ ոչնչացվել էին հազարավոր գրքեր, այդ թվում' եզակի հատորներ:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 26-ին ԻՊ-ի հսկողությունից ազատագրվել են Սալահ ադ Դին և Դիյալա մարզերի միջև գտնվող 2՝ Բուաուդ և Բուբքար շրջանները:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: