«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը փետրվարի 2-ին պայթեցրել է Մոսուլի հնագույն և ամենամեծ եկեղեցիներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Նինվե մարզի ոստիկանությունը:
Ատ Տահիրա եկեղեցին գտնվում է Շաարին շրջանում՝ Մոսուլի կենտրոնում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սամրա քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից ազգային կամավորական ջոկատների 18 անդամներ և 2 խաղաղ բնակիչներ են վիրավորվել:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' ԻՊ-ն այսօր առավոտյան հարձակում է իրականացրել Սամրայի Սուր Շանաս շրջանի վրա:
Ավելի վաղ իրաքյան ուժերը ԻՊ-ից ազաագրել են Քիրքուք մարզի արևմուտքում գտնվող նավթային շրջանները, ինչպես նաև ազատ են արձակվել 24 աշխատակիցները, ովքեր պատանդ էին ահաբեկիչների մոտ:
Ընդհանուր առմամբ, Քիրքուքի մարզում ռազմական գործողությունների արդյունքում 110 ահաբեկիչներ են սպանվել, վիրավորվել ևս 167-ը:
Ավելի վաղ՝ հունվարի վերջին, «Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հայկական եկեղեցի էին հրկիզել:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: