«Տարբեր վիլայեթներում հայերը տարբեր ձևերով էին խոշտանգվում, նրանք ամենուր կասկածվում ուհետապնդվում էին, ենթարկվում էին իսկական մորթի, որն ավելի վատ է, քան կոտորածը: Հայկական այդ վիլայեթներից հինգը՝ Տրապիզոնը, էրզրումը, Վանը, Բիթլիսը և Սվազը, դժբախտաբար, իմ հյուպատոսական իրավասությունների մեջ էին մտնում»: Այսպես 1915 թ. օգոստոսի 25-ին իտալական Il Messaggero թերթին տված հարցազրույցում ասել էր 1911-1915 թթ. Տրապիզոնում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջակոմո Գորինին, ով այդ հարցազրույցից մի քանի օր առաջ Իտալիա էր վերադարձել Արևմտյան Հայաստանից:

 

Իտալիայի արտգործնախարարության այսօր արդեն հարուստ արխիվի հիմնադրի կյանքի լավագույն գիտակը հանդիսանում է Պիետրո Քուչուկյանը: Վերջինս խորությամբ ուսումնասիրել էր իտալական մամուլի արխիվները և գտել վերոհիշյալ հարցազրույցը, որտեղ Ջակոմո Գորինին այդ օրերին մոլեգնած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայի հակառակորդ Թուրքիայում տիրող իրավիճակի մասին ասել էր հետևյալը.

 

«Իմ տարածքներում սկսած հունիսի 24-ից բոլոր հայերը տեղահանվեցին, այսինքն բռնի ուժով դուրս մղվեցին իրենց բնակավայրերից և ժանդարմների ուղեկցությամբ քշվեցին հեռու վայրեր, նրանցից քչերն էին հասնելու Միջագետքի խորքերը, իսկ նրանց չորս հինգերորդը չասված դաժանությամբ գտան իրենց մահը»:

 

Իտալացի պատմաբան և դիվանագետ Զակոմո Գորինին ծնվել է 1859 թ. Ալեքսանդրիայում, լեզվաբանություն և փիլիսոփայություն է ուսանել Միլանի համալսարանում, Ֆլորենցիայում ու Բեռլինում: 1887 թ. Զակոմո Գորինիին նշանակում են Իտալիայի արտգործնախարարությունում մի պաշտոնում, որի բերումով նա պետք է զբաղվեր բացառապես արխիվով, և, այսպիսով, նա դարձավ արտգործնախարարության արխիվի հիմնադիրը: Հենց այստեղի «Կատալոգի» 60-րդ համարի տակ Հայաստանն է, որը բաժանված լինելով 8 արխիվային թղթապանակների, ընդգրկում է 1891-1914 թթ. քաղաքական բնույթի բոլոր փաստաթղթերը:

 

Երբ 1911-1915 թթ. Տրապիգոնում նա Իտալիայի Գլխավոր հյուպատոսն էր, որի իրավասությունների մեջ էին մտնում Արևմտյան Հայաստանի վիլայեթներից էրգրումը, Վանը, Բիթլիսը, Սվագը և Սամսոնը: Այդպիսով, նա վկա դարձավ, թե ինչպես Տրապիզոնում հայ կանանց և երեխաներին հավաքում էին նավակների մեջ, դրանք հասցնում Սև ծովի խորքերը և ստիպում ջուրը նետվել: Այդ իսկ պատճառով, նույնիսկ արդեն գտնվելով Իտալիայում, նա սերտ կապերի մեջ էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի և Վատիկանի դեսպան Տեր Դոլչիի հետ, ինչի արդյունքում հաջողվել էր փրկել 50000 հազար հայի կյանք:

 

«Հայերի խմբերն անցնում էին հյուպատոսության պատուհանների տակով' աղերսելով օգնություն, բայց ոչ ես, ոչ մյուսները ոչինչ չէինք կարող անել նրանց համար: Քաղաքը պաշարված էր մինչեւ ատամները զինված 15000 զինվորներով, ոստիկանության հազարավոր աշխատակիցներով, կամավորների բանդաներով, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության հատուկ ջոկատներով: Արցունքներ, կսկիծներ, անեծքներ, բազմաթիվ սպանություններ, խելագարվածներ, վախից մեռնողներ, հրդեհներ, կրակոցներ, անգութ հալածանքներ, յուրաքանչյուր օր փողոցներում հարյուրավոր դիակներ, բռնի մա հմեդականացված կանայք, քրիստոնեական ընտանիքներից ու դպրոցներից գողացված ու մուսուլմանական ընտանիքներին հանձնված երեխաներ, շատերն էլ միայն մի շապիկով նստեցվում էին նավակների մեջ ու խեղդամահ արվում Սեւ ծովում կամ Դերե Մենդերե գետում: Ահա սրանք են Տրապիզոնից իմ վերջին, անջնջելի հիշողությունները, որ տանջում ու խռովում են հոգիս», - ասել էր Զակոմո Գորինին վերոհիշյալ հարցազրույցում:

 

1917 թ. ապրիլի 4-ին Ռուսաստանում Իտալիայի դեսպանի խնդրանքով Զակոմո Գորինիին նշանակում են դեսպան ապագա Հայաստանի Հանրապետությունում, որտեղ նա մնում է մինչև 1923 թ.: Այդպիսով, նա ոչ միայն ականատես էր Հայոց ցեղասպանության, այլ նաև՝ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման և մայրամուտի վկան: Այդ ընթացքում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին դեսպանին կարգադրվել էր պատրաստել ուսումնասիրություն Հայաստանի վերաբերյալ: 1918 թ. նոյեմբերի 14-ին նա ներկայացրեց «Հուշագիրը», որը այնուհետ ներկայացվել էր Խաղաղության կոնգրեսին: 1920 թ. Սևրի պայմագրի կնքման ժամանակ նա նշել էր Հայաստանի Հանրապետության անկախության անհրաժեշտությունը: Նա գրել էր. «Եթե մենք հիմա չլուծենք Հայաստանի խնդիրը, ապա դրա արդյունքում ժամանակ առ ժամանակ կխախտվի ողջ աշխարհի խաղաղությունը»: Սակայն պատմության ընթացքն այլ էր, իսկ Իտալիա վերադարձած դիվանագետը հաջորդ քսան տարում ջանում էր Թուրքիայից մազապուրծ եղած հայերին օգնություն ցույց տալ Իտալիայում:

 

Մինչև իր կյանքի մայրամուտը՝ 1950 թ. հոկտեմբերի 31-ը, Ջակոմո Գորինին ապրում էր իր հայազգի տնային կառավարչուհու հոգածության ներքո: Իսկ 2001-ին դիվանագետի գերեզմանահողից բերվեց Հայաստան և թաղվեց Ծիծեռնակաբերդի հուշապատի մեջ: