Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշել է, որ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը փոքրիկ Նորթ Ուեսթին Փարիզ, Նյու Յորք և Լոնդոն տանելուց հետո, դստերն իր հետ է վերցրել իր պատմական հայրենիք առաջին այցելությանը:
Պարբերականը նաև ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը: Այդ իսկ պատճառով նա իր այցելությունը իրականացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկից երկու շաբաթ առաջ:
Hello պարբերականը հոդվածում իր ընթերցողներին նաև հակիրճ ներկայացրել է համաշխարհային լայն հասարակության համար դեռ վատ հայտնի Հայաստանի այնպիսի գանձերը, ինչպիսիք են Երևանը իր սրճարաններով և թանգարաններով, Դեբեդի կիրճը Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրներով, Գորիսը իր «քարե անտառով», Արագածը Ամբերդով ու Բյուրականի աստղադիտարանով, Տաթևի վանքը: