Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 8-ին անցկացրել է հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալոÕ ¾ արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորել է հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը:

 

Վլադիմիր Գասպարյանը պահանջել է սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ:

 

Խոսելով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլի առաջնահերթությունների մասին՝ ոստիկանության պետը նշել է, որ այդ գործընթացն անշրջելի է, և այդ իրողության գիտակցումը պետք է ունենա ողջ համակարգը՝ ղեկավարից մինչև շարքային: Միայն այդպես է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որը որդեգրել ու որին հավատարիմ է լինելու ոստիկանությունը:

 

Խոսելով ժամանակին ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նոր պայմաններում հասարակության հետ աշխատելու հիմնախնդիրներին, այն մեթոդներին, որոնցով նոր իրողությունները պետք է հասանելի դառնան քաղաքացիներին:

 

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և տեղակալ Սամվել Հովհաննիսյանը գործնական պարապմունքի մասնակիցների հետ մանրամասնել են պլանային թեմաները և առարկայական քննարկումից հետո ըստ ստորաբաժանումների տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարարկաններ: