Չնայած 2019 թվականի ապրիլի սկզբներից վերագործարկվել է Արփա-Սևան թունելային ջրատարը և գարնան առաջին երկու ամիսները մոտենում են ավարտին, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի 25-ի համեմատ դեռ նվազ է մնում 8 սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի ապրիլի 25-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 61 սանտիմետր նիշի դիմաց: Ապրիլի անցած օրերի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 31 միլիոն 273 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը:
Սևան թափվող գետերը դեռ հեռու են իրենց վտանգավոր ելքերից: Այսպես, Արգիճի գետի վտանգավոր ելքը 110 խորանարդ մետր վայրկյան է, իսկ ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 10,3 խորանարդ մետր վայրկյան, Գավառագետի վտանգավոր ելքը 30,5 խորանարդ մետր վայրկյան է, ապրիլի 25-ին գրանցված ելքը՝ 5,69 խորանարդ մետր վայրկյան: Այլ խոսքով՝ Սևան թափվող գետերում ու գետակներում գարնանային վարարումները դեռ չեն սկսվել, որոնք էականորեն կնպաստեին Սևանի մակարդակի բարձրացմանը: