Ադրբեջանում պահանջում են չեղյալ համարել Comedy Woman խմբի համերգը՝ խմբի ղեկավարությունում եւ կազմում հայեր լինելու պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով oxu.az լրատվական կայքը, ադրբեջանական «Պլանետա պարնի իզ Բաքու» թատրոնի ղեկավար Թայիր Իմանովը կոչ է արել չեղյալ համարել մայիսի 23-ին Բաքվի Buta Palace համերգասրահում կանանց երգիծական Comedy Woman նախագծի համերգը, քանի որ նրա հիմնադիրները եւ մի քանի մասնակիցներ հայեր են:
Իմանովը բողոք է հայտնել իր ղեկավարած թատրոնի ամբողջ կոլեկտիվի անունից: Նա շեշտել է, որ դա պետք է անել, քանի որ Comedy Woman-ը «հայկական նախագիծ է, այն ղեկավարում են հայերը», եւ Բաքվում աշխատած բոլոր փողերը կգնան «հայերի գրպանը»: Նա նաեւ հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջան են բերվել «էթնիկ հայեր, ինչպիսիք են Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովը»:
Ադրբեջանում հայատյացությունը վերածվել է համապետական զբաղմունքի: Բանը հասել է նրան, որ ադրբեջանական պետական թատերախմբի ղեկավարը երկրի իշխանություններից պահանջել է, որ Ազգային անվտանգության նախարարությունն զբաղվի Comedy Woman-ի' Բաքվում հյուրախաղերի կազմակերպիչների հարցով: