Հայաստանում շուտով մեկնարկում է իր տեսակով դեռևս նմանը չունեցող «Your Europe» նոր նախագիծը, որը նախատեսված է` օգնելու բացահայտել Եվրոպան նոր ձևաչափով` միաժամանակ ապահովելով նախագծի մասնակիցներին նոր զգացողություններ, վառ հիշողություններ և աշխարհընկալման նոր հորիզոններ:
Նախագիծը կյանքի է կոչվելու՝ հաշվի առնելով այլ մշակույթների բացահայտման, հասարակության աշխարհընկալման փոփոխության և ուղղակի լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու նպատակը՝ միևնույն ժամանակ հոգալով մասնակիցների հանգստի արդյունավետ կազմակերպման մասին:
Մեր զրուցակիցն է «Your Europe» նախագծի գաղափարի հեղինակ Գևորգ Ավետիսյանը:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը: Ինչպե՞ս ծագեց գաղափարը և որոշվեց նախագծի անվանումը:
- Առաջին հերթին` «Your Europe» նախագիծը կյանքի է կոչվելու՝ իրականացնելու Եվրոպան տեսնելու և այն ճանաչելու շատերի երազանքը` առանց տարիքային սահմանափակման: Սակայն նախագիծն ավելին է, քան պարզապես ճանապարհորդության գաղափար, քանզի հնարավորությունները, որոնք այն ընձեռելու է հասարակությանը, թույլ են տալու փոխել մտածելակերպ, մարդկանց տալ հնարավորություն ինքնուրույն կողմնորոշվելու իրենց համար նոր իրավիճակներում, ինչպես նաև յուրովի բացահայտել մշակութային այն արժեքները, որոնք տարիների ընթացքում կուտակել է Եվրոպա աշխարհամասը:
Իսկ ահա նախագծի անվանման ծագումնաբանության հիմքում հենց ընկած է դրա բուն գաղափարը, որը ենթադրում է յուրաքանչյուր անհատի յուրատեսակ պատկերացումները Եվրոպայի, ժամանցի և հանգստի վերաբերյալ, այսինքն՝ Քո Եվրոպան և դու և, իհարկե, քո ժամանակը լիարժեք տնօրինելու իրավունքը:
Այդուհանդերձ, անմասն չմնալով այսօր Հայաստանում մի շարք խնդիրների առկայության փաստերից, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում աշխարհը տեսնելու, ճանապարհորդելու, նոր աշխարհայացքներ ձեռք բերելու ճանապարհին՝ նախագծի ստեղծողների կողմից արդեն իսկ քայլեր են արվել և արվելու են քաղաքացիներին հնարավորինս այդ խոչընդոտներից զերծ պահելու համար:
Եթե լինեմ հակիրճ, ապա նախագծի շրջանակներում փորձելու ենք Եվրոպան ավելի հասանելի դարձնել հասարակության համար:
- Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը, և որո՞նք են այն առավելությունները, որոնք նախագիծը դարձնում են բացառիկ:
- Խոչընդոտներից ամենաարդիականն այն է, որ այսօր Հայաստանում միջին և անգամ միջինից բարձր աշխատավարձ ստացող անհատները, կարելի է ասել, զրկված են ոչ միայն պարզագույն ճանապարհորդելու, այլ նաև սեփական կենսափորձը հարստացնելու և կյանքին նոր դիտանկյունից նայելու հնարավորությունից: Մենք փորձում ենք ֆինանսական առումով այն հասանելի դարձնել հասարակությանը:
Իսկ ահա քաղաքացիների համար շատ հաճախ շենգենյան կամ պարզապես վիզա ստանալը գլխացավանքի շղթայական պրոցես է: Մենք փորձել ենք դիվանագիտական կառույցների աջակցությամբ վիզայի ստացման ընթացակարգն ավելի դյուրացնել:
Բացի այդ, գաղտնիք չէ, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ ծնողներ պարզապես խուսափում են իրենց երեխաների միայնակ ճանապարհորդելու մտքից: Այս պարագայում մենք ապահովում ենք նաև նրանց անվտանգությունը, որի ամենաառաջին գրավականը հենց հայերից բաղկացած խմբերի առկայությունն է:
Արդյունքում՝ կարելի է միանշանակ փաստել, որ «Your Europe» նախագիծն ունակ է լրացնելու եղած բացը:
- Որպես Հայաստանում այդ մեթոդով աշխատող եզակի կառույց՝ համագործակցության և փորձի փոխանակման ինչպիսի՞ նախադեպեր ունեք:
- Նախագծի իրականացման հիմքում ընկած են միջազգային մի շարք հայտնի նախագծեր, որոնք, սակայն, առանձնանում են յուրատեսակ մասնագիտացված հավելվածներով, ինչպիսիք են, օրինակ, կամավոր աշխատանքները, օտար լեզվի դասընթացները, ամառային դպրոցները: «Your Europe» նախագծում, սակայն, առկա են մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ, որոնք լրացնելու են գալիս հայ հասարակության պահանջներն ու ցանկությունները:
- Նախագծի շրջանակներում ո՞ւմ հետ եք համագործակցում:
- Այս պահին միայն կարող եմ նշել, որ համագործակցության սպեկտորները մի քանիսն են: Առաջին հերթին կարելի է առանձնացնել բանկերը, որոնց հետ էլ այս պահին ընթանում են բանակցությունները՝ առաջարկը հասարակության համար հնարավորինս ավելի մատչելի դարձնելու նպատակով: Մյուս կողմից էլ՝ նախագծի կարևորագույն գործընկերներ են լինելու Երևանում գործող տուրիստական գործակալությունները, հենց որոնց միջոցով էլ պոտենցիալ հաճախորդը նախագծին մասնակցելու համար ազատ կարող է դիմել դրանցից ցանկացածին:
Եվ, իհարկե, ոչ պակաս արժանահիշատակ է համագործակցությունը դեսպանատների և վիզայի աջակցման կենտրոնի, ինչպես նաև հյուպատոսարանների հետ, որոնց հետ այս պահին ևս իրականացվում են բանակցություններ վիզա ստանալու պրոցեսը հնարավորինս դյուրացնելու համար: Չի կարելի մոռանալ նաև եվրոպական ավելի քան 10 երկրներում արդեն իսկ ձեռք բերված համագործակցությունների մասին՝ Չեխիա, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա և այլն:
- Ասացիք, որ Եվրոպան ճանաչելու հնարավորությունը, ֆինանսական առումով, հասանելի եք դարձնում հասարակությանը: Ինչպե՞ս:
- Նախ ցանկանում եմ նշել, որ ի սկզբանե նախագծի ստեղծման հիմքում, մատչելի գնային քաղաքականության գաղափարն է ընկած եղել, որը նախագծի կայացման գրավականներից մեկն է: Բացի գնային մատչելի քաղաքականությունից՝ նախագծի շրջանակներում նախատեսված է համագործակցություն առաջատար բանկերից մեկի հետ:
Որպես պաշտոնական գործընկեր՝ բանկի միջոցով այսուհետև քաղաքացիները կարող են ձեռք բերել հատուկ նախագծի համար մշակված «Your Europe» վարկային վիզա քարտեր՝ ամենաշահավետ պայմաններով: Այն հնարավորություն է տալու սպառողներին ստանալ փաթեթի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, ինչպես նաև հավելյալ գումար՝ քարտային հաշվին, որը ցանկության դեպքում մասնակիցները կարող են օգտագործել եվրոպական բոլոր քաղաքներում:
- Այսինքն՝ նախագիծն իր տրամաբանությամբ արդեն իսկ տարբերվում է դեպի Եվրոպա առաջարկվող տուր-փաթեթից:
- Իհարկե, այն տարբերվում է ավանդական դարձած տուր-փաթեթներից, որոնք այսօր առաջարկում են գրեթե բոլոր տուրգործակալությունները:
Տարբերություններից ամենաակնառուն կարելի է համարել խմբերի ձևավորման գաղափարը, այնուհետև արդեն եվրոպական որևէ երկիր մեկնելուց առաջ մասնակիցների նախապես հանդիպումը Երևանում՝ «Քո Եվրոպան» նախագծի շրջանակներում:
Հանդիպման նպատակը մասնակիցների՝ միմյանց հետ ծանոթանալն ու արդեն Եվրոպայում անցկացվելիք ժամանցի օրակարգի քննարկումն ու ձևավորումն է: Հենց այդ հանդիպման շրջանակներում էլ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկները, ցանկություններն ու գաղափարները:
Յուրաքանչյուր խումբ բաղկացած է լինելու առավելագույնը 20 մասնակցից:
- Ի՞նչ սկզբունքով են ձևավորվում խմբերը:
- Երևանում միմյանց հետ հանդիպելուց և Եվրոպայում այդ օրերի համար ծրագիր ձևավորելուց հետո, խումբն արդեն մեկնում է նախընտրած երկիր:
Այս պահին եվրոպական մի շարք երկրներում արդեն ունենք գործընկերներ, որոնք էլ հենց ապահովում են նախագծի մասնակիցների ոչ միայն առօրյան, այլ նաև անվտանգությունն ու ապահովությունը:
Նախագծի մասնակիցներն ընտրում են եվրոպական որևէ երկիր, իսկ նույն երկիրը վայելելու ցանկությունն էլ հենց միավորում է այդ մարդկանց և կազմավորում խումբը:
Խումբը հանգրվանում է միայն իրենց համար նախատեսված, նախագծի պաշտոնական գործընկեր հանդիսացող՝ տվյալ երկրի լավագույն «Guest House»-ներից կամ հյուրանոցներից մեկում: Դրանից հետո, ըստ իրենց ձևավորած օրակարգի, յուրաքանչյուրն ազատ է սկսել Եվրոպայում անմոռանալի, արկածային և հետաքրքիր ժամանցը: Ի դեպ, նախագծի շրջանակներում մասնակիցներն ապահովվում են նաև սնունդով:
«Your Europe»-ն ինքնուրույն կողմնորոշվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու, նոր վայրեր և նոր արկածներ ապրելու լավագույն տարբերակն է, որը երբևէ կարելի է ստանալ: Սա իր բացառիկությամբ Հայաստանում դեռևս նախատիպը չունեցող և կայանալու լուրջ պոտենցիալ ունեցող նախագիծ է: Հուսով եմ՝ այն իրապես կհետաքրքրի մեր հասարակությանը և կարճ ժամանակում համակիրների մեծ բանակ կունենա: Իսկ ավելի մանրամասն տեղեկություններ նախագծի մասին կհաղորդենք շուտով: