Մայրաքաղաքի մի խումբ դպրոցականներ ապրիլի 9-ին այցելել են ՀՀ ոստիկանություն: Առաջին տպավորությունը նրանք ոստիկանության կենտրոնական շենքի նախասրահից են ստացել. պատին փակցված լավագույն ոստիկանների լուսանկարները փաստում էին՝ լավ գործը միշտ բարձր գնահատականի է արժանանում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, այնուհետեւ հերթապահ մասի աշխատակիցը երեխաներին ծանոթացրել է իրենց ստորաբաժանման գործառույթներին:

 

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի ուղեկցությամբ երեխաները շրջել են կենտրոնական ապարատի վարչական շենքի տարածքում, եղել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մարզասրահում:

 

 

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը երեխաներին ծանոթացրել է ոստիկանի հատուկ հագուստի լրակազմին, հատուկ միջոցներին: Ոստիկանության ցուցասրահում Աշոտ Ահարոնյանը երեխաներին ներկայացրել է ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներն ու ոստիկանի մասնագիտության նրբությունները:
Օրվա տպավորություններն առավել ամբողջացել են հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում:

 

 

Շնորհակալություն հայտնելով երեխաներին պարգեւած բովանդակալից օրվա համար՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դիմել է երեխաներին՝ եթե որոշել են ոստիկան դառնալ, ապա պետք է հիշեն՝ դա շատ պարտավորեցնող, շատ պատասխանատու մասնագիտություն է: