Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին այցելել են իրաքյան Քուրդիստան՝ եզդի համայնքի ներկայացուցիչների հրավերով: Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում:

«Սեպտեմբերի 2-ին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազին Իրաքի եզդի համայնքի հրավերով այցելել են Իրաքի քրդական ինքնավարություն՝ տեղում ծանոթանալու եզդիների խնդիրներին և հատկապես շաբաթներ առաջ եզդիների նկատմամբ Իրաքում սկսված ատելության արշավից բխած իրավիճակին (խնդրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» հանդես էր եկել հայտարարությամբ:

Անդրանիկ Թևանյանը և Բորիս Մուրազին տեղում հանդիպել են Էզիդխանի պաշտպանության ուժերի հրամանատար, Էզիդխանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Հեյդար Շաշոյի հետ: Եզդի հրամանատարի հետ մանրամասն քննարկվել է ցեղասպանությունից հետո եզդիների իրավիճակն Իրաքում: Եզդի հրամանատարն իր հերթին հետաքրքրվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակից, տեղահանված արցախահայերի խնդիրներից և սպասվելիք զարգացումներից:

Հրամանատար Հեյդար Շաշոյի ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը և Բորիս Մուրազին այցելել են աշխարհի եզդիների հոգևոր կենտրոն Լալիշ վանական համալիր: Տեղում հանդիպում ունեցել համալիրի գործերի կառավարիչ, եզդի հոգևորական Հայր Չաուշի հետ, ծանոթացել եզդիական հոգևոր, մշակութային ժառանգությանը:

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչների այցն Իրաքի քրդական ինքնավարության հատված շարունակվում է: Պլանավորված են հանդիպումներ նաև եզդի այլ հեղինակավոր գործիչների հետ, այցելություն Էրբիլի հայկական եկեղեցի և հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպում ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: