Մինչև 2013 թվականի հունիս ամիսը Երևանի մարդաշատ կանգառներում կտեղադրվի 100 էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներ: Երևանում էլեկտրոնային չվացուցակ տեղադրված է դեռևս միայն Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: Այդ մասին Tert.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից:
Էլեկտրոնային չվացուցակները հնարավորություն կտան ուղևորներին տեղեկանալ ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեների վերաբերյալ, քարտեզի միջոցով տեղեկատվություն է հաղորդելու ուղևորներին' երթուղու ուղեգծի վերաբերյալ և իրական ժամանակում սպասվող ավտոբուսի դիրքը տվյալ երթուղու վրա:
Բացի երթուղու վերաբերյալ տեղեկատվությունից, տեղադրվող չվացուցակները ուղևորներին, ինչպես նաև քաղաքի հյուրերին, հնարավորություն կտան քարտեզի միջոցով տեղեկատվություն հաղորդելու տվյալ կանգառի հարակից տարածքում գտնվող հետաքրքրական օբյեկտների' հյուրանոց, բանկ, դեղատուն, թատրոն և այլնի վերաբերյալ:
«Երթուղին սպասարկող ընկերություններին տրամադրվելու է տեղեկատվական վերլուծական համակարգ երթուղիների կատարումը վերահսկելու նպատակով: Իսկ համացանցում բացվելու է կայք երթուղիների տեղեկատվությունը իրական ժամանակում ներկայացնելու համար»,- հայտնում են «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ից:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կա մոտ 750 կանգառ:
Էլեկտրոնային չվացուցակների տեղադրման ծրագիրը լինելու է շարունակական և իրականացվում է ներդրումային ծրագրի շրջանակներում: