Մոսկվայում ապրիլի 9-ին շարունակվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի պատվիրակությունը ութ կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել Սիրիայի ընդդիմությանը: փաստաթղթի բովանդակությունը հետևյալն է.

«Լուծել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով՝ հենվելով «Ժնև -1» համաձայնագրի դրույթների վրա:

 

 

Միջազգային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել արաբական, տարածաշրջանային և միջազգային բոլոր կողմերի, հատկապես Թուրքիայի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քատարի վրա՝ դադարեցնելու բոլոր աջակցություններն ահաբեկիչներին՝ սկսած նրանց մուտքը սիրիական տարածք հեշտացնելուց մինչև զինում, ֆինասնավորում և զինպատրաստություն անցկացնելը:

 

 

Կոչ անել միջազգային հանրությանը բացել շրջափակումները և միակողմանի պատժամիջոցները, մասնավորապես, հանել տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Սիրիայի նկատմամբ:

 

 

 

Ցանկացած քաղաքական գործողության արդյունքները պետք է հիմնված լինեն ազգային ինքնիշխանության և ազգի կամքի վրա:

Աջակցել և ամրապնդել ազգային հաշտեցման գործընթացը, ինչպես նաև աջակցել բանակին ահաբեկչության դեմ պայքարում:

 

 

Կոչ անել միջազգային հանրությանն՝ օգնել վերադարձնել սիրիացի փախստականներին իրենց հայրենիք և օժանդակել դրա համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

 

 

Ցանկացած քաղաքական գործողություն պետք է իրականացվի՝ պահպանելով ազգային ինքնիշխանությունը, Սիրիայի տարածքի և ժողովրդի միասնականությունը, պետք է պահպանվեն պետական հաստատությունները և աշխատանքներ տարվեն դրան զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև ազատագրվեն սիրիական օկուպացված տարածքները:

 

 

Միջսիրիական բանակցություններն իրականցվեն առանց արտաքին միջամտության:

Միջազգային հանրությանը կոչ անել աջակցել Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, որը կընդգրկվի Ժնև-3 համաժողովի օրակարգում»:

 

 

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև առաջին փուլի հանդիպումներն ընթացել է հունվարի 26-ից 29-ը: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: