Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական՝ գարնանային նստաշրջանի օրակարգում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց չկա, սակայն հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները նստաշրջանի ընթացքում Ցեղասպանության մասին խոսելու, ինչպես նաև այլ քայլեր նախաձեռնելու հնարավորություն կունենան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին հայկական պատվիրակությունը ունի նախատեսած որոշակի քայլեր: «Կան որոշակի քայլեր, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել, սակայն չեմ կարծում, որ գոնե այս պահին դրանց մասին պետք է բարձրաձայնել: Ամեն ինչ՝ իր ժամանակին»,- ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորի կարծիքով, ապրիլի 24-ին բազմաթիվ եվրոպացի պատվիրակներ՝ այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, կայցելեն Երևան և ներկա կգտնվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Սակայն ապրիլի 24-ը վեհաժողովի հերթական նստաշրջանի օրերից մեկն է, ինչը նշանակում է, որ պատվիրակները պետք է գտնվեն այնտեղ, որովհետև կան զեկուցումներ, որոնք պետք է քվեարկվեն, սակայն սա չի նշանակում, որ դրանից հետո կամ առաջ Հայաստան այցելություններ չեն լինի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ առաջիկայում՝ մայիսի կեսերին, Հայաստանում նախատեսված է ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որի շրջանակում ԵԽԽՎ բազմաթիվ պատվիրակներ կայցելեն Հայաստան: «Առիթը ինքնին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը չէ, սակայն, կարծում եմ, որ այցելություն Ծիծեռնակաբերդ անպայման տեղի կունենա»,- նշեց պատգամավորը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա ապրիլի 20-24-ը: Օրակարգը բավականին հագեցած է, և կան հետաքրքիր հարցեր, որոնք քննարկման առարկա կդառնան: «Հրատապ հարցեր կամ ընթացիկ հարցեր» թեմայի տակ քննարկման առարկա կդառնա Ուկրաինայում քաղաքական իրավիճակը, ինչը պետք է հաստատվի բյուրոյի կողմից: Օրակարգում զեկույց կա մասսայական գաղտնալսումների հետ կապված, որը ներկայացրել է հոլանդացի պատվիրակի կողմից և բավականին հետաքրքրություն է առաջացրել ԵԽԽՎ-ում ու առհասարակ լայն զանգվածների մոտ: Նախատեսված է նաև ՄԻԵԴ-ում 6 երկրների դատավորների ը նտրություն, որոնց ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը երաշխավորել է վեհաժողովին: Օրակարգում նաև «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ զեկույց կա, որի շուրջ ևս քննարկումներ կծավալվեն: