Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` մայիսի սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ 4-րդ նախագահի և նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները:
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Այն պահից, երբ ընտրությունը տեղի կունենա որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև դեռ պետք է ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին խորհրդարանի կողմից ընտրված 4-րդ նախագահը Ազգային ժողովի հատուկ նիստում կստանձնի լիազորությունները, և կդադարեն գործող նախագահի լիազորությունները:
Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նույն օրը տեղի կունենա վարչապետի և կառավարության հրաժարականը: Ըստ Սահմանադրության` արդեն ոչ թե պատգամավորների ¼-ը կամ մեկ այլ համամասնություն, այլ խորհրդարանական խմբակցությունները ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Ազգային ժողովի հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, տեղի կունենա վարչապետի ընտրությունը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Հունվարի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ: