Ռուսական Известия թերթի փոխանցմամբ' Մոսկվայում սպանված քրեական աշխարհի պատրիարք Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) մոտ կանգնած անձինք ընտրել են նրա ժառանգորդին: Ներկայումս ձևականորեն երբեմնի ամենազորեղ գողական կլանը գլխավորել է նրա 30-ամյա զարմիկ Դմիտրի Չանտուրիան (Միրոն), սակայն նա «օրինաճանաչների» շրջանում օժտված չէ այդպիսի կարգավիճակով ու ազդեցությամբ, ինչպես որ Դեդ Հասանը:
Հենց դրա համար էլ մաֆիոզիները շեշտը դրեցին «օրենքով գող» Զախարի Կալաշովի (Շաքրո երիտասարդ) վրա, ով ներկայումս ազատազրկում է կրում իսպանական բանտում, սակայն շուտով հայտնվելու է ազատության մեջ: Թերթի տվյալներով' Դեդ Հասանի ժառանգորդի մասին առանցքային հարցը քննարկվել է նրա մահվանը հաջորդած 9-րդ օրը:
Հունվարի 25-ին մայրաքաղաքային գերեզմանոցներից մեկում վերստին հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: Ժամը երեքին բոլոր հրավիրյալները մեկնեցին «Նաշ դվոր» ռեստորան, որը փակվել էր կողմնակի անձանց համար: Ռեստորանում ներկա էին նաև Ասլան Ուսոյանի որդի Նոդարը և այլ հարազատներ, այդ թվում նաև Միրոնը:
Դեդի Հասանի տեղը զբաղեցնելու հավանական թեկնածուների թվում շոշափվում էին Միրոնի, Դեդ Հասանի ընտանիքի մյուս անդամների'Թեմուրի Միրզոևի (Թիմուր Սվերդլովսկի), Յուրի Ուսոյանի (Յուրա Սոչինսկի) և քիչ հայտնի, Ուսոյանին մոտ կանգնած «Սադկո» մականվամբ հեղինակության անունները:
Սակայն քրեական աշխարհում կարծում են, որ նրանք բոլորն էլ օժտված չեն հեղինակության այն յուրահատկությունների գոնե մի մասով, որոնք բնորոշ էին Դեդ Հասանին: Չէ՞ որ վերջինիս ազդեցությունը հիմնված է եղել երկար տարիների ընթացքում թե՛ քրեական աշխարհում, թե՛ չինովնիկների և անգամ, որոշ տեղեկությունների համաձայն, հատուկ ծառայությունների շրջանում ստեղծած ամուր կապերի հիման վրա:
Երբ ռեստորանի դահլիճում մնացին Դեդ Հասանի շրջապատը ներկայացնող ամենամոտ անձինք, որոշում ընդունվեց մաֆիոզ կլանի նոր առաջնորդի մասին: Ընտրությունը կանգ առավ «օրենքով գող» Շաքրոյի վրա: 59-ամյա քրեական գեներալ Շաքրոն լայն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլև' նրա սահմաններից դուրս: Օրինակ, ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են այսպես կոչված «Եղբայրական շրջանակի» (անդրազգային հանցավոր խմբավորումների առաջնորդների խումբ) մեջ:
Այդ ցանկում ընդգրկվելը նշանակում է ԱՄՆ տարածք մուտք գործելու արգելք, բոլոր հաշվեհամարների արգելափակում, սեփականության վրա կալանք, ամերիկացիների ու ամերիկյան ֆիրմաների վրա նրա հետ որևէ կոմերցիոն գործարք կնքելու արգելք: Շաքրոն ծնվել է Թբիլիսիում, ինչպես և Դեդ Հասանը և ծագումով քուրդ է: Մոսկվայում մի քանի դատավճիռ վաստակած Շաքրոն արագորեն կշիռ է հավաքել քրեական աշխարհում:
Նրա հետաքրքրությունների ոլորտում են գտնվում ամենատարբեր ձեռնարկություններ ու ընկերություններ, շուկաներ, խաղատներ, բանկեր և նավթագազային համալիր: Ընդ որում, նա «բիզնես» է վարել թե՛ սլավոնական, թե՛ կովկասյան կազմակերպված հանցավոր խմբերի հետ: Մի քանի տարվա բուռն գործունեության ընթացքում նա ձեռք բերեց բազում թշնամիներ: Նրա նկատմամբ քանիցս մահափորձեր են իրականացվել թե՛ Մոսկվայում, թե՛ հայրենի Վրաստանում: Շաքրոն մի քանի անգամ վիրավորվել է:
1999 թվականին' հերթական մահափորձից հետո, Շաքրոն նախընտրում է տեղափոխվել Իսպանիա, ուր և բնակություն է հաստատում Կոստ ա-դել-Սոլ հանգստավայրում: Իսպանական ոստիկանությունը գրեթե անմիջապես կասկածում է, որ նա ռուսական մաֆիայի պարագլուխներից մեկն է, որն իրենց երկրում զբաղվում է «կեղտոտ փողերի լվացմամբ»:
2005 թվականին Իսպանիայում անցկացվեց «Իշամեղու» հակամաֆիոզային հանրահայտ օպերացիան, որի հետևաքով Շաքրոյի հետ կապված բազմաթիվ անձինք հայտնվեցին բանտում, իսկ Շաքրոյին հաջողվեց փախչել ԱՄէ: Այստեղ էլ նա ձերբակալվել է և արտահանձնվել է Իսպանիային: Մեղադրող կողմը պահանջում էր նրան ազատազրկել 12 տարով և տուգանել 32 միլիոն դոլարով, սակայն դատարանը նրան դատապարտում է 7.5 տարի ազատազրկման և զգալիորեն նվազեցնում է տուգանքի չափը:
Ի դեպ, Իսպանիայում Շաքրոյին դատապարտելու ժամանակ Վրաստանում նրան հեռակա կարգով դատապարտում են 11 տարվա ազատազրկման' գործարար, մոսկովյան «Կրիստալ» խաղատան համասեփականատիրոջն առևանգելու համար: Վրացական իշխանությունները նախ պահանջեցին Շաքրոյին արտահանձնել տվյալ հիմքով, ապա նաև նոր հիմքով' միջազգային թմրաշրջանառությանը նրա մասնակցելու համար:
Վրաստանում առգրավվեց Թբիլիսիի արվարձանում Շաքրոյին պատկանող խոշոր պալատը, ուր և հետագայում տեղակայվեց ոստիկանական բաժանմունք: Իսպանիայի իշխանությունները երկու անգամ համաձայնեցին Շաքրոյին հանձնել Վրաստանին' այդ երկրում նրա նկատմամբ երկու պատժաժամկետների սահմանումից հետո, սակայն ամեն անգամ Շաքրոյի փաստաբանները կարողացան վերին ատյաններում հաջողությամբ բողոքարկել տվյալ որոշումը:
Վերջին շրջանում Վրաստանի իշխանությունները փորձեր չեն ձեռնարկում Շաքրոյին վերադարձնելու ուղղությամբ, ինչի պատճառը հավանաբար այդ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են: Չէ՞ որ Շաքոյին վերադարձնել և պատժել ցանկանում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով պատերազմ էր հայտարարել «օրենքով գողերին»:
Այժմ որևէ կասկած չկա, որ քրեական օլիմպոսում Դեդ Հասանի տեղը զբաղեցնելու է հենց Շաքրոն: Հատուկ ծառայություններում թերթի ունեցած աղբյուրները նույնպես հաստատել են Շաքրոյի մոտալուտ վերադարձի մասին տեղեկատվությունը: Շաքրոյի պատժաժամկետը լրանում է մարտին, երբ կբոլորի նրա հոբելյանական 60-ամյակը:
Դրանի հետո նա հարկադրված պետք է լքի Իսպանիան, քանի որ դատավճռում նշված է, որ ազատ արձակվելուց հետո' հետագա 10 տարիներին, արգելվում է նրա մուտքն Իսպանիա: Իրավապահները ենթադրում են, որ նա Ռուսաստան կվերադառնա մայիսին: Այժմ դժվար է ենթադրել, թե նրա վերադարձին ինչպես կարձագանքեն մյուս «օրենքով գողերը»:
Ռուսաստանում Շաքրոն պետք է զբաղվի մի շարք «չկարգավորված հարցերի» լուծմամբ: Օրինակ, նա կոնֆլիկտի մեջ է Դեդ Հասանի «աջ թև», «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Ռուսթավսկի) հետ: Հենց վերջինիս է բաժին հասել ազատազրկման ժամանակ Շաքրոյի ընդհատակյա կայսրության ղեկավարումը: Որոշ ժամանակ առաջ Շաքրոն բանտից հասկացնել է տվել, որ չափազանց դժգոհ է, թե ինչպես են տնօրինում իր միջոցները:
Նշվում է, որ Շաքրոյի հակառակորդներից մեծ մասը վաղուց սպանված է, սակայն դեռ ողջ և ազատության մեջ է «օրենքով գող» Սերգեյ Ակսենովը (Ակսեն): Վերջինս կարող է վերհիշել շատ տարիներ առաջ իր դեմ կատարված մահափորձը: Այն ժամանակ ենթադրաբար Շաքրոյի մարդիկ պայթեցրել են Ակսենովի «Մերսեդես» ավտոմեքենան: Հատուկ ծառայություններում կարծում են, որ եթե Շաքրոն գլխավորի Դեդ Հասանի կլանը, ապա նա կարող է ամրագրել իր դիրքերը: