ԱՄՆ Քլարքի համալսարանում Միջազգային շրջանավարտների Հոլոքոսթի և ցեղասպանագիտության երրորդ գիտաժողովի փակման արարողությանը ելույթ կունենա ուդահար Էդ Մելիքյանի նվագախումբը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Telegram պարբերականը, Մելիքյանը իր երաժիշտների հետ կկատարի հայկական ազգային երաժշտություն:

 

«Որոշ կատարումներ կլինեն թախիծով լի, իսկ որոշներն էլ՝ կենսուրախ: Տխրությունը կապված է 1915-23 թթ. թուրքերի ձեռքով Հայոց ցեղասպանության զոհ դարձածների հիշատակի հետ: Սակայն հնչող երաժշտությունը վկայում է, որ մենք, այնուամենայնիվ, կանք և շարունակում ենք հանդիսանալ մեր ավանդույթների և երաժշտության կրողները», - ասել է Էդ Մելիքյանը:

 

Պարբերականի հետ զրույցում երաժիշտը նշել է, որ չի մոռանա մանկության հուշերը, երբ գիշերը արթնանում էր ցեղասպանության ականատես իր հոր գիշերային մղձավանջների ու տառապանքների ձայներից:

 

Քլարքի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության «Սթրասլեր» կենտրոնի գիտաժողովին ներկա են լինում աշխարհի տարբեր անյուններից գիտնականներ, ովքեր այս տարի դասախոսություններ և ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթներով: