Հարյուր պարախմբերի հինգ հազար մասնակիցներ Ցեղասպանության տարելիցին նվիրված քայլերթ են նախաձեռնել: Ապրիլի 11-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը:
«Ապրիլի 26-ին պարախմբերը քայլերթ են կատարելու դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշահամալիրի հարակից տարածքում «Ծանդր գովնդ կոտրոցի» պարն ենք պարելու ու հիշատակելու ենք Ցեղասպանության անմեղ նահատակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Գևորգյանը:
Նրա խոսքով՝ սա Ցեղասպանության զոհերին լավագույն խոնարհումն է:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: