Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Գերմանիայի միջեկեղեցական խորհուրդը կոչ է արել երկրի բոլոր գործող եկեղեցիներին 2015 թվականին աղոթքներով և պատարագով ոգեկոչել 20-րդ դարասկզբին սպանված 1.5 մլն հայ զոհերի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Մագդենբուրգ քաղաքում կայացած ամենամյա համաժողովից հետո Գերմանիայի միջեկեղե ցական խորհուրդը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կարևորության մասին' նշելով որ մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը իր ծանր հետքն է թողել համաշխարհային պատմության մեջ:
«2015 մենք ոգեկոչելու ենք Օսմանյան կայսրությունում' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915-1922 թվականներին մեկ ու կես միլիոն հայ սպանվել և հազարավորները տեղահանվել ու արատքսվել են իրենց հայրենիքից (ժամանակակից Թուրքիա): Աշխարհով մեկ ցրված վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ Ցեղասպանության ակնառու վկայությունն է: Հարյուր տարի է անցել, սակայն Ցեղասպանության հետևանքները ծանր հետք են թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլև միջազգային հանրության վրա»,- նշված է հայտարարությունում:
Միջեկեղեցական խորհրդի անդամ է նաև Գերմանիայի Հայաստանյայց առաքելական եկեղեցին, որը Գերմանիայի մյուս եկեղեցիների հետ ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
2005 թվականին Գերմանիայի խորհրդարանը' Բունդեսթագը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, ուրը կարևորվում է Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը այդ իրադարձությունների համար: