Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գլուխ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Գերմանիայի ԱԳ նախարարին հուշահամալիր էր ուղեկցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմավորեց նախարարներին, այնուհետև նրանք ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ' մեկ րոպե հարգելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայկ Դեմոյանը գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային նվիրեց վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը, ինչպես նաև անցյալ տարի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ «Հայփոստ»-ի թողարկած Յոհաննես Լեփսիուսին նվիրված դրոշմանիշների ամբողջական լիստը' որպես հուշանվեր: