ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։
Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստան ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցելությունը լավ առիթ էր անդրադառնալու նաև այդ բնագավառում համագործակցության հարցերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսեյ Մեշկովը անդրադարձել է ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել եվրոպական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցության, եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շուրջ: